25 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.63 |
GBP | ⚊ | 481.74 |
GEL | ⚊ | 145.81 |
RUB | ⚊ | 4.18 |
USD | ⚊ | 390.04 |
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Կարևորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ:
Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը։
Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափում փոխգործակցության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային բազմակողմ հարթակներում երկրների փոխգործակցությանը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ ՖՄԿ հարթակն այս ուղղությամբ ընձեռում է լայն հնարավորություններ:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև քաղաքական և դիվանագիտական խորհրդակցությունների մեխանիզմի հիմնման մասին արձանագրություն։