կարևոր
2851 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-15 15:12
Քաղաքական

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը: 

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ-ի հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարևորել է շարունակական և գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ:

Նախարար Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում  կայունության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները: