կարևոր
4357 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-15 14:13
Քաղաքական Իրավական

Մուրադ Փափազյանի, Սյունե և Մասիս Աբրահամյանների հայցերը դատարանն ընդունել է վարույթ

Մուրադ Փափազյանի, Սյունե և Մասիս Աբրահամյանների հայցերը դատարանն ընդունել է վարույթ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանի եւ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի հայցերն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ վարչական դատարանն ընդունել է վարույթ։

Սփյուռքահայ դաշնակցական գործիչները, հիշեցնենք, դատարանից պահանջել են ԱԱԾ-ին պարտավորեցնել, որ իրենց տվյալները հանի ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ Բոլոր 3 գործերով էլ դաշնակցականների ներկայացուցիչը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։ Մուրադ Փափազյանի հայցը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին, նիստի օր դեռևս նշանակված չէ։ Մասիս Աբրահամյանի հայցի քննությունը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մհեր Պողոսյանին, քննության առաջին նիստի օր է նշանակվել 2023 թվականի մարտի 22-ը, Սյունե Աբրահամյանի հայցի քննությունը մակարգրվել է վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանին, առաջին նիստը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ դաշնակցական գործիչների մուտքն Հայաստան արգելվել էր, նրանք ճանաչվել էին «պերսոնա նոն գրատա»։ Մուրադ Փափազյանի դեպքում այդպիսի որոշման հիմք էր դարձել այն, որ իբր թե Փափազյանը Ֆրանսիայում հարձակում է կազմակերպել Փաշինյանի ավտոշարասյան վրա, մինչդեռ Մուրադ Փափազյանը հերքում է այդ հայտարարությունը՝ նշելով, որ ինքն այդ օրը այդտեղ չի գտնվել։ Սյունե և Մասիս Աբրահամյանների մուտքը արգելելու վերաբերյալ որևէ պարզաբանում ԱԱԾ-ի կողմից չեղավ, պատճառաբանվեց, թե իբր այդ տեղեկությունը Մասիս և Սյունե Աբրահամյանների անձնական կայնքին առնչվող տեղեկություններ է պարունակում։