կարևոր
4030 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-10 15:04
Քաղաքական

Փաշինյանի այսօրվա հայտարարությունը զուտ քաղաքական ապահովագրություն էր.ադրբեջանագետ

Փաշինյանի այսօրվա հայտարարությունը զուտ քաղաքական ապահովագրություն էր.ադրբեջանագետ

Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ «խաղաղության դարաշրջանի» օրակարգը, որը ես անվանում եմ Նիկոլի «ջարդի դարաշրջան», այլեւս սպառված է, իսկ այսօրվա հայտարարությունն այն մասին էր, որ Փաշինյանը փորձում է իր համար քաղաքական հիմք ստեղծել, որպեսզի հետագայում արդարանա եւ ասի, որ ինքը խոսել է նաեւ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքիների մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ ապացույցներ կան եւ կլինեն այն մասին, որ Ադրբեջանը կառուցողական կողմ չէ, եւ չի ձգտում Հայաստանի հետ խաղաղ ապրելակերպ ստեղծելու եւ հետագայում դրա զարգացման շուրջ գործողությունների:

«Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ «խաղաղություն դարաշրջանը» սին է, բայց սա գովասանք չէ իր հասցեին: Փաստացի, 200-ից ավելի զոհերի, ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիայից հետո դա նոր միայն հաստատվեց: Այսօրվա հայտարարությունը զուտ քաղաքական ապահովագրություն էր»,- ասաց Դավթյանը:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր պատերազմի:

«Նման արձագանքները հնարավորություն են տալիս Ադրբեջանին ավելի ինտենսիվ ճնշումներ բանեցնելուն: Ադրբեջանը կփորձի ճնշման ալիքը էլ ավելի մեծացնել Հայաստանի վրա՝ ստիպելով Հայաստանին մարդկային կյանքերի գնով նոր զիջումների գնալ»,- նկատեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված այն հայտարարությանը, որ Հայաստանը Ադրբեջանին ապառազմականացման առաջարկ է արել` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի օկուպացված տարածքներից իր զորքերը հետ քաշել:

«Այս ամենը վկայում է այն բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը չունի մշակված քաղաքական մարտավարություն եւ օրհասական խնդիրներ ի հայտ գալու դեպքում են որոշում՝ այդ հարցը ինչպես լուծել: Իրենք չունեն մշակված ռազմավարություն եւ խնդրի ի հայտ գալու դեպքում նոր բաներ են մոգոնում, որպեսզի տվյալ խնդրի լուծման տարբերակ գտնեն»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, ի պատասխան Ադրբեջանի նախագահի` երկու օր առաջ Շուշիում արված հայտարարություններին, հայտարարել էր, թե Ադրբեջանը ոչ միայն սպառնում, այլեւ նախապատրաստվում է ԼՂ հայության ցեղասպանությանը:  

Լենա Կարապետյան