կարևոր
3352 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-10 13:40
Քաղաքական

Սերժ Սարգսյանը չգնաց այդ քայլին՝ մտածելով, որ ժողովուրդը կասի՝ «ոստիկանական երկիր են սարքում»․ Երանոսյան

Սերժ Սարգսյանը չգնաց այդ քայլին՝ մտածելով, որ ժողովուրդը կասի՝ «ոստիկանական երկիր են սարքում»․ Երանոսյան

Ինչպես արդեն հայտնի է՝ իշխանությունները մտադիր են Ոստիկանությունում մի շարք փոփոխություններ իրականացնել։ Մասնավորապես, նախատեսվում է Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության եւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձեւավորել Ոստիկանության գվարդիա:

Մեկ այլ փոփոխությամբ էլ մտադիր են ստեղծել Ներքին գործերի նախարարություն, միավորելով Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ Ոստիկանությունը եւ Միգրացիոն ծառայությունը։ Այս խոշոր կառույցը, որը հաշվետու կլինի Ազգային ժողովին, չի բացառվում, որ կղեկավարի ՔՊ-ական որեւէ մեկը։

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Ոստիկանության գվարդիա ստեղծելու առաջարկ արվել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նախագահը մերժել է։

«Ժամանակին մենք ուզում էինք ստեղծել Ոստիկանության գվարդիա, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը չգնաց այդ քայլին՝ մտածելով, որ ժողովուրդը պիտի ասի ոստիկանական երկիր է սարքում։ Ինձ համար պարզ չի, թե իրենց պատկերացրած Ոստիկանության գվարդիան որն է, ինրպե՞ս են ուզում ստեղծել, ո՞ւմ է ենթարկվելու, ինչ խնդիրներ է կատարելու, ինչ պարտականություններ է ունենալու»,-նշեց Երանոսյանը։

Նախկին ոստիկանապետի տեղակալի խոսքով՝ իրենց պատկերացրած Գվարդիան ՀՀ Ոստիկանությունից դուրս ձեւավորվող կառույց էր լինելու, անմիջապես ենթարկվելու էր երկրի ղեկավարին։

2018թ․-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններից ավելի ժողովրդավար ու երկրի սահմանների անվտանգությամբ մտահոգ երեւալու համար օգոստոսին Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների առաջին խումբն ուղարկեց հայ-ադրբեջանական սահմանագիծ՝ մարտական հերթապահություն իրականացնելու:

«Կարծում եմ, որ սա պատմական մի շրջան է ոչ միայն ոստիկանության զորքերի, այլեւ ոստիկանության համար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանությանը, ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի: Թող ասածս տարօրինակ չթվա, որովհետև հարազատ է համարվում այն մարդը, ում քաղաքացին առաջին հերթին դիմում է դժվարության պահին՝ ծանր իրավիճակում հայտնվելով: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ոստիկանությանն ընկալեն հենց այդպես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանությունը և ոստիկանության զորքերը պաշտպանում են, պահպանում են ՀՀ քաղաքացիների, Հայաստանի պետականության, Սահմանադրության օրինականության անվտանգությունը»,- 2018թ․ օգոստոսի 23-ին ասաց Փաշինյանը՝ ելույթ ունենալով ոստիկանական զորքերի հերթափոխի՝ սահմանագիծ մեկնելու արարողությանը։

Այս հուզական ելույթից 4 տարի անց, իսկ ավելի կոնկրետ՝ 2021թ-ից հետո ոստիկանության զորքերն այլեւս սահման չեն մեկնում։ Ստացվում է, որ ինքն իր շողքից վախեցած Փաշինյանն, այսօր արդեն սեփական անվտանգությունը վեր դասելով երկրի ու ժողովրդի անվտանգությունից, ոստիկանության զորքերին պահում է Երեւանում՝ ցույցեր ցրելու եւ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։ Մինչդեռ, Ոստիկանության զորքերի մասին օրենքով (Հոդված 14, 3-րդ կետ) խաղաղ, առանց զենքի հավաքները կամ հանրային միջոցառումները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է: 2018թ․-ի իշխանափոխությունից հետո ոստիկանության զորքերին սահման ուղարկելու Փաշինյանի որոշումը կարելի է ենթադրել, որ վրեժ էր ոստիկանների նկատմամբ։ Լեւոն Երանոսյանի խոսքով՝ Փաշինյանը իրավունք չուներ առանց Ազգային ժողովի որոշման զորքերը սահման ուղարկել։

«Իմ ժամանակ չկար հասկացողություն, որ ոստիկանության զորքերը պիտի սահման պահեին։ Պիտի Ազգային ժողովը հաստատեր, որ թույլ տայինք՝ ներքին զորքերը մեկներին սահման»,-նշեց նա։

Երանոսյանը շեշտում է՝ իշխանությունները՝ ներիքին զորքերի ծառայողներին ցույցերի ժամանակ, այսպես ասած, առաջնագիծ հանելու իրավունք էլ չունեն, ոստիկանության զորքերի պարտականությունը խաղաղ ցույց ցրելը չի։

«Ներքին զորքերն այն ժամանակ են ներգրավվում ցույցերին, երբ ոստիկանությունը չի կարողանում իր խնդիրը կատարել։ Հիմա Նիկոլի երկիրն ա, ինչ ուզում անում են։ Բոլորն են Նիկոլի ենթակայության տակ, ամեն ինչը ինքն ա ասում»,-ընդգծեց Երանոսյանը։