կարևոր
3304 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-10 11:13
Քաղաքական

Եթե որևէ մեկը Ալիևին չի պատասխանում, ուրեմն ՀՀ-ում անդադար կապիտուլյացիա է․ «Հրապարակ»

Եթե որևէ մեկը Ալիևին չի պատասխանում, ուրեմն ՀՀ-ում անդադար կապիտուլյացիա է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ՝ նոյեմբերի 9-ին, լրացավ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի, Ալիեւի ու Պուտինի ստորագրությամբ հրապարակված եռակողմ հայտարարության երկրորդ տարին։ Այդ հայտարարությունն ավելի հայտնի է որպես «նոյեմբերի 9»-ի հայտարարություն կամ, պարզապես՝ կապիտուլյացիա։ Երեկ այդ առիթով Եռաբլուր պանթեոն էին այցելել «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ։ Դիտարկմանը, որ ՔՊ-ականները հարց են տալիս, թե ինչպես էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա, եթե ընդդիմությունը վերջերս հանրահավաք էր արել կապիտուլյացիան կանխելու համար, այսինքն, ըստ ՔՊ-ականների՝ ընդդիմությունը պիտի կողմնորոշվի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությո՞ւնն էր կապիտուլյացիա, թե՞ կապիտուլյացիան դեռ նոր պիտի ստորագրվի, Գեղամ Նազարյանը պատասխանեց․

«Եթե մեկնաբանենք ՔՊ-ական պատգամավորների կամ պաշտոնյաների ասածները, կընկնենք անհեթեթությունների շղթայի մեջ, այսօր էլ նրանցից մեկն ասում էր՝ խի Ղարաբաղը մե՞րն ա եղել, որ հիմա էլ տալիս ենք։ Հիմա ես դա մեկնաբանեմ, կամ որեւէ մեկը մեկնաբանի՞։ Կա մի պարզ ճշմարտություն․ նոյեմբերի 9-ից հետո եթե մենք չփոխեցինք պարտության դեմքին, երկիրը պարտության, աղետի, ավերի տարած մարդուն, ապա մեզ մոտ անդադար նոյեմբերի 9 է։ Սրանք հենց այնպես խոսքեր չեն, գեղարվեստական գրականություն չեն։ Ասում էինք, որ անդադար խնդիրներ են լինելու՝ եղան․ մայիսի 12, նոյեմբերի 16, սեպտեմբերի 13․․․, արանքում էլի դեպքեր եղել են։ Այս վարչախումբն այնքան է մարդկանց սովորեցրել սպանությունների, զոհերի, որ այն փոքր դրվագները՝ քիչ զոհերով, մենք մոռացության ենք տալիս։ Մեզ մոտ հիմա անդադար կապիտուլյացիա է։ Այս տարի բանակի օրը չնշեցին, եթե Ալիեւը ձեռքը թափահարում է, եւ որեւէ պաշտոնյա՝ Նիկոլից սկսած, Ալիեւին չի պատասխանում, ուրեմն անդադար կապիտուլյացիա է։ ՔՊ-ական պատգամավորներ կան, որ Նիկոլից պահանջում են ծնկի գալ Ալիեւի առաջ եւ խաղաղություն մուրալ»։

«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Ասպրամ Կրպեյանն էլ, անդրադառնալով թեմային, ասաց․ «Երկու տարի առաջ այս օրը հայկական պետականության հիմքերը խարխլվեցին հայկական պետականության ղեկն օկուպացրած հանցախմբի եւ իրենց պարագլխի ձեռամբ ու ստորագրությամբ, եւ երկու տարի է՝ մենք դրա հետեւանքներն ենք տեսնում եւ հետեւանքների արհավիրքն ենք ապրում։ Եռակողմ հայտարարությունում կարեւոր դրույթ կար, որը վերաբերում էր ռազմագերիներին, եւ այս շատ կարեւոր դրույթը, որը մեր հայորդիների անվտանգության եւ ապահովության երաշխիքը պիտի լիներ եւ պիտի ծառայեր օր առաջ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող մեր հայորդիների տունվերադարձին, ցայսօր իրականություն չի դարձել։ Մյուս կարեւոր դրույթը սահմանում էր, որ զորքերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են եղել ստորագրման պահին, բայց մենք դրանից հետո բազմիցս բանավոր պայմանավորվածություններով սուվերեն տարածքներ հանձնեցինք եւ դեռ շարունակում ենք բանավոր պայմանավորվածությունների հիման վրա սկուտեղի վրա մեր ինքնիշխան տարածքներից հանձնել մեր թշնամուն, իսկ թշնամին, օգտագործելով իր ուժի սպառնալիքը, օգտագործելով ՀՀ-ում իր դեսպաններին, շարունակելու է օղակը սեղմել հայկական պետականության շուրջ՝ ստանալու համար առավելագույնը, իսկ իրենց նպատակը հայկական պետականության կործանումն է»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։