կարևոր
2764 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-07 18:04
Աշխարհ

Աշխարհում գնաճը մոտենում է առավելակետին. ԱՄՀ-ի ղեկավար

Աշխարհում գնաճը մոտենում է առավելակետին. ԱՄՀ-ի ղեկավար

Աշխարհում գնաճի ցուցանիշն ընթացիկ ցիկլում մոտենում է, հնարավոր է, առավելակետին, սպառողական գների աճն իջեցնել մինչեւ ցանկալի մակարդակ դժվար կլինի: Այդ մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստինա Գեորգիեւան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես չէի ցանկանա ասել ավելի շուտ, նախքան տվյալների հայտնվելը, բայց շատ հնարավոր է, որ մենք հասել ենք առավելակետին: Այժմ, ինչպես տեսնում ենք, կենտրոնական բանկերը բավականին պատկառելի դիրք են զբաղեցնում, որ գնաճի դեմ պայքարը լինի առաջնահերթություն, եւ դա արդարացի է»,- նա գործակալությանն ասել է Եգիպտոսի Շարմ Էշ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի 27-րդ խորհրդաժողովի (COP-27) հարթակներում:

Նրա խոսքով՝ թե ինչպիսին կլինի գնաճը մի քանի ամիս կամ մեկ տարի հետո, դժվար է ասել: ԱՄՀ-ի տնտեսագետները կարծում են, որ գնաճը «դժվար կլինի իջեցնել մինչեւ 2 տոկոս ցանկալի մակարդակը», ասել է Գեորգիեւան: Նա այդ առնչությամբ նշել է, որ գնաճի հաղթահարման համար անհրաժեշտ է երկուղղորդված շարժում. կենտրոնական բակերի եւ այն երկրների կողմից, որոնք ապահովելու են մատակարարումների շղթաների բազմազանացումը:

Հոկտեմբերին ԱՄՀ-ի հրապարակված զեկույցում ասված է, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են, ցուցանիշը 2021 թվականի 6 տոկոսից 2022 թվականին նվազել է մինչեւ 3,2 տոկոս, իսկ 2023 թվականին կիջնի ավելի ցած եւ կկազմի 2,7 տոկոս: Համաշխարհային գնաճի բարձրացումը, ԱՄՀ-ի տվյալներով, 2021 թվականին կազմել է 4,7 տոկոս, 2022 թվականին կկազմի 8,8 տոկոս եւ այնուհետեւ կսկսի իջնել՝ 2023 թվականին մինչեւ 6,5 տոկոս եւ 2024 թվականին մինչեւ 4,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: