կարևոր
9979 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-03 16:15
Քաղաքական

Կառավարության ծառատունկն ընդդեմ «Դիմադրություն» շարժման

Կառավարության ծառատունկն ընդդեմ «Դիմադրություն» շարժման

ՀՀ իշխանությունները որոշել են շաբաթ օրը` նոյեմբերի 5-ին ծառատունկ իրականացնել Երևանից դուրս: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խնդրել է պետական գերատեսչությունների ղեկավարներին` ապահովել պետական հիմնարկների աշխատակիցների մասնակցությունը ծառատունկին:

Բնականբար՝ նշված որոշումն իրականում ընդունվել է ոչ թե Սիմիդյանի, այլ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ որոշման մեջ գործածվող խնդրանքն իրականում «չորով» պարտադրանք է, որն ուղեկցվելու է տարբեր միջոցառումներով (ներկայության ստուգում, բացակաների նկատմամբ հատուկ վերաբերմունք և այլն):​

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Արայիկ Հարությունյանին, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանին, Արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանին, Պաշտպանության նախարար պարոն Սուրեն Պապիկյանին, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող պարոն Գրիգոր Մինասյանին, Արտակարգ իրավիճակների նախարար պարոն Արմեն Փամբուխչյանին, Էկոնոմիկայի նախարար պարոն Վահան Քերոբյանին, Ֆինանսերի նախարար պարոն Տիգրան Խաչատրյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Նարեկ Մկրտչյանին, Առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանին, Բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Ռոբերտ Խաչատրյանին, Ոստիկանության պետ պարոն Վահե Ղազարյանին, Երևանի քաղաքապետ պարոն Հրաչյա Սարգսյանին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Արմեն Ղուլարյանին, Կադաստրի կոմիտեի ղեկավար պարոն Սուրեն Թովմասյանին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Հովհաննես Մարտիրոսյանին

Հարգելի գործընկերներ

2022 թվականի նոյեմբերի 5-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել համապատասխան ծառատունկ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում (3 հա), «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում (10 հա), «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում (4 հա), «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում (2.5 հա), «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում (10 հա)։   Խնդրում եմ ապահովել Ձեր գերատեսչության աշխատակիցների մասնակցությունը նախատեսվող աշխատանքներին…»

Ուշագրավ է, որ ծառատունկ իրականացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 30-ին Արցախում մեծ հանրահավաքից հետո, իսկ ավելի մանրամասն մեկ օր անց` հոկտեմբերի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, տեղի է ունենալու միասնության հանրահավաք` հաջակցություն Արցախի և ի հեճուկս Հայաստանին և Արցախին պարտադրվող փաստաթղթերի ստորագրման:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք նախարարության Անտառային կոմիտեին, որտեղից հայտնեցին, որ որոշումը կայացվել է երկու օր առաջ` նոյեմբերի 1-ին` ասուլիսի հաջորդ օրը, իսկ երկու օր անց այն արդեն փոխանցվել է այլ գերատեսչությունների:

Պարզորոշ է՝ մի շարք հեռավոր բնակավայրեր (Ջերմուկ, Թումանյան, Սիսիան և այլն) ծառատունկի տարվող պետական համակարգի աշխատակիցները չեն հասցնելու հետ վերադառնալ և մասնակցել համազգային հանրահավաքին:​

ՀՀ իշխանությունները, այսպիսով, փորձում են պետական տարբեր մարմիններում աշխատող և ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցներին «մեկուսացնել» մայրաքաղաքից և խոչընդոտել նրանց մասնակցությունը հանրահավաքին: