Պատգամավորական անձեռնմխելությունն ինձ համար չգիտեմ ինչ չէ, որ դրա հետևում թաքնվեմ, մնացածն իրենց խնդիրն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով մամուլում տարածվող լուրերին, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում կմիջնորդի անձեռնմխելիությունից զրկել և կալանավորել երեք պատգամավորի՝ իրեն, Արմեն Չարչյանին և Վահե Հակոբյանին:
«Դրա մասին պետք է Գլխավոր դատախազից հարցնեք, ես, անկեղծ ասած, որևէ տեղեկություն չունեմ: Այս ամենը երևի կապված է մեր քաղաքական գործունեության հետ, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Ես, իմ անցած ճանապարհով, ցույց եմ տվել և իրավունք ունեմ ասելու, որ պատգամավորական անձեռնմխելությունը ինձ համար չգիտեմ ինչ չէ, որ դրա հետևում թաքնվեմ, մնացածն իրենց խնդիրն է»,-ասաց Օհանյանը:
Հարցին՝ իրեն վերջին օրերին հարցաքննության կանչել ե՞ն, Սեյրան Օհանյանն ասաց, որ չեն կանչել:
Իսկ պատահական համարո՞ւմ է, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ ամեն անգամ իրավական գործընթաց է սկսվում, երբ ընդդիմությունը փողոցում ակտիվանում է, հանրահավաքներ է անում, պատգամավորն ասաց. «Չեմ կարող ասել, չգիտեմ»: