կարևոր
3553 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-28 14:40
Քաղաքական

Փաշինյանի թեթև ձեռքով հայտնվել ենք Արևմուտք-Ռուսաստան բախման կիզակետում․ Անդրանիկ Թևանյան

44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենալ, մենք կարող էինք այդ կորուստները չունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշում չընդուներ, որ պետք է գնալ պատերազմի ճանապարհով: Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Հետագայում ինքն էլ է խոստովանում, որ կարող էր այս ամենը հանձնալ առանց զոհերի, բայց արձանագրենք ևս մեկ անգամ, որ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը ֆիքսում է՝ պատերազմը կարող էր չլինել, եթե բանակցային գործընթացը փակուղի չմտցվեր: Հաջորդը, պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի համաձայնել է, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթղթին, համաձայն որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա ՀՀ իշխանության որոշումն է, որի հետևում կանգնած է բացառապես մեկ մարդու ցանկությունը և մոտիվացիան: Այդ մոտիվացիան անձնական բնույթի է: Դա այն է, որ հետագայում  Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստանա ապաստանել որևէ արևմտյան երկրում: Երրորդ մոտեցումն այն է, որ Պուտինը հայտարարում է, որ դա Հայաստանի որոշումն է, ոչ թե Ռուսաստանի, կամ նույնիսկ Արևմուտքի: Այսինքն Նիկոլ Փաշինյանն ինքն է նախաձեռնել Արցախը հանձնել Ադրբեջանին, և եթե հայ ժողովուրդը այդ որոշման հետ համակերպվի, Ռուսաստանը ոչինչ չի կարող անել: Այլ կերպ ասած, Պուտինը չի կարող լինել ավելի հայ, քան հայերը:

Այս բոլորը միասին վերցրած, մեզ բերում են այն եզրահանգման, որ հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը քաղաքական վարքագծով: Սրա վերաբերյալ պետք է արտահայտվեն բոլորը՝ սկսկած երեք նախագահներից, կաթողիկոսներից, մտավորականներից, ոստիկաններից, նաև իշխանության ներսից: Սա անվտանգության և գոյաբանական հարց է»,-հայտարարեց նա:

Պատգամավորի խոսքով՝ իրենք կտրուկ դեմ են վաշինգտոնյան փաստաթղթին, որովհետև այդ պարագայում ոչ միայն Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, այլ կառաջանա արցախահայության գոյության հարցը, որից հետո կվտանգվի Հայաստանի գոյությունը.

 «Դա իրականում ոչ այնքան Արցախի հարցն է, որքան Հայաստանի գոյության հարցը: Վաշինգտոնյան փաստաթղթի պարագայում մենք կստանանք պատերազմ, ավերածություններ Երևանում: Սա բոլորս պետք է գիտակցենք: Այս պարագայում քաղաքական պրոցեսները պետք է մտնեն տաք փուլ: Խոսքս ներքաղաքական զարգացումների մասին է, եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա կլինի պետականության ոչնչացում: Վաշինգտոնյան փաստաթղթի շրջանակներում լուծվում են Հայաստանի հարցերը, առաջ է գալիս պետականության կորստի խնդիր, ռումբերը, արկերը հայտնվելու են բոլորիս տներում»,-ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորը կարծում է, որ այս հակառուսական հիստերին հրահրվում է բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից․

«Այդ հակառուսական հիստերիայի պատճառն այն է, որ ինքը հետագայում հնարավորություն ստանա հայտարարելու, որ այս ամենի մեղավորը ռուսներն են: Ինքը շատ լավ գիտի, թե ինչ ավերածություններ է բերելու Հայաստանի գլխին, որի համեմատ 44-օրյա պատերազմի հետևանքները կարող են մանր խաղեր թվալ: Եթե վաշինգտոնյան մոդելը լինի, այսինքն՝ Հայաստանի նախաձեռնությամբ Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, դա նշանակում է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, հաջորդ քայլով արդեն ռուսական ռազմաբազան դուրս է գալու Գյումրիից: Դրանից հետո թուրքական զորքերի մուտքը Հայաստան դառնալու է տեխնիկայի հարց: Եթե կարծում ենք, որ այլ տեղերից անվտանգության երաշխիքներ կտան, դա սուտ է: Կլինեն հայտարարություններ, արցունքներ, թվիթերյան գրառումներ, նույնիսկ կարող են ՄԱԿ-ի կողմից բանաձևերի ընդունվել, բայց դրանից ավելի որևէ քայլ չի անելու Արևմուտքը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մուտքը մեր տարածաշրջան Արևմուտքի համար ամենաընդունելի տարբերակն է»,-ասաց նա:

Թևանյանի խոսքով, մենք Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հայտնվել ենք Արևմուտք-Ռուսաստան բախման կիզակետում և տեղի է ունենում Հայաստանի ուկրաինացում,  իսկ դա նշանակում է, որ Երևանը կարող է վերածվել Դոնեցկի, Լուգանսկի, Հալեպի և այլն:

Մանրամասները՝ տեսսանյութում։