կարևոր
2602 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-26 14:20
Քաղաքական

Արցախի Ազգային ժողովի նիստում կքննարկվի Սահմանադրության փոփոխության նախագիծը

Արցախի Ազգային ժողովի նիստում կքննարկվի Սահմանադրության փոփոխության նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում՝ ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը:

Այս մասին տեղեկացրել են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ Արցախի  Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Արցախի Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Ա. Լազարյանի ներկայացմամբ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները:

Սահմանադրաիրավական փոփոխությունների ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և 1-ին ընթերցմամբ այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում: