կարևոր
3352 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-21 10:22
Քաղաքական

Հայաստանը կործանման նախաշեմին. ի՞նչ է տեղի ունենում երկրի ներսում և շուրջը

Հայաստանը կործանման նախաշեմին. ի՞նչ է տեղի ունենում երկրի ներսում և շուրջը

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշվում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (1):

Սա մի ձևակերպում է, որը բացահայտում է ադրբեջանա-հայկական բանակցությունների հետագա ողջ ընթացքը։ Հայ հանրությունը տարակուսած է՝ ինչ է նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցա՞խն էլ է մաս կազմում այդ ամբողջականությանը՝ տարբեր հարթակներում հարցնում են հայ քաղաքացիները՝ կարծես չցանկանալով հավատալ, որ անցած երեսուն տարվա պայքարը կարող է այսպիսի անփառունակ ավարտ ունենալ։ Եվ ոչ ոք կարծես չի համարձակվում խոստովանել, որ այո՛, այս փաստաթղթով Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Բայց որպեսզի իր հասցեին ուղղված մեղադրանքներն ու քննադատությունները որոշ չափով մեղմելու հնարավորություն ունենա, Հայաստանի գործող ղեկավարը երկու փոքրիկ հնարք է կիրառում.

ա) Ասում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը ճանաչել է դեռևս 1991 թ., երբ անդամակցում էր ԱՊՀ-ին։
բ) Խոսում է «Բաքվի և Ստեփանակերտի միջև քննարկումների մեխանիզմներ» ստեղծելու անհրաժեշտության մասին (2)։

Այս երկու պնդումն էլ, իհարկե, մանիպուլյատիվ են և բխում են բացառապես Ադրբեջանի շահերից։ Սակայն սեփական ընտրազանգվածի առաջ արդարանալու տեսանկյունից լիովին աշխատող են Փաշինյանի համար, որը վստահ է, որ այդ կերպ կարող է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման մեղքը գցել նախկինների վրա, իսկ Արցախի համար տալ այնպիսի խոստումներ, որոնք կհամոզեն իր էլեկտորատին, թե իբր ինքն ամեն ինչ անում է, որպեսզի արցախահայության շահերը պաշտպանված լինեն։ Ընդ որում, պետք է նշել, որ Ալիևի շարունակ կրկնվող հայտարարություններն այն մասին, որ Ստեփանակերտի հետ Բաքվի հարաբերություններն Ադրբեջանի ներքին գործն են, և իրենք թույլ չեն տա, որ որևէ այլ երկիր փորձի միջամտել դրանց, Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության համար լսելի չեն։ Այս առումով Փաշինյանն ու իր քարոզչամեքենան իսկապես լավ են աշխատում։

Ինչևէ, հայկական պետությունների առջև այսօր ծառացած հիմնական մարտահրավերը նույնիսկ Պրահայում ընդունված քառակողմ հայտարարությունը չէ, այլ այն, թե իրականում ինչ օրակարգով է Ադրբեջանը ներկայանում բանակցությունների։

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն ուշագրավ մի նյութ հրապարակեց, որում «Հավաստի աղբյուր» կեղծանվամբ հանդես եկող հեղինակը, որը, ամենայն հավանականությամբ, հենց ինքը՝ Փաշինյանն է, ներկայացրել է Հայաստանին ուղղված Ադրբեջանի պահանջները՝

– ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
– ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ, նույնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով,
– միջանցք Հայաստանի տարածքով,
-սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականների քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը),
-անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, ինչը, հնարավոր է, ունի հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտում (3):

Նշված կետերից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, վկայում է միայն այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ հայկական երկու պետությունների ոչնչացումը կամ առնվազն Արցախի պետականության ոչնչացումն ու Հայաստանի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը։ Ի՞նչ է սրան հակադրում պաշտոնական Երևանը։ Ցավոք, ոչինչ։ Բառացիորեն ոչինչ։

Երկրի վարչապետը սեպտեմբերի 14-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հստակ հայտարարել է, որ «ծանր որոշումների» գնալու պատասխանատվություն է վերցրել իր վրա. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 ք/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ» (4)։ Եվ ահա այս հայտարարությունից մի քանի օր անց «Հայկական ժամանակ»-ում հրապարակվում է Ադրբեջանի պահանջների մասին վերը հիշատակված նյութը…

Իշխանական շրջանակներից անընդհատ լուրեր են հասնում, որ Փաշինյանն իսկապես պատրաստվում է կատարելու թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջները։ Ավելին՝ իշխող թիմի վերնախավը կողմ է դրան և նույնիսկ պահանջում է Փաշինյանից հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Հարցը, սակայն, ձգձգվում է այն պատճառով, որ պաշտոնական Երևանը չի կարողանում կողմնորոշվել, թե աշխարհաքաղաքական կենտրոններից որի հովանու տակ կատարի այդ քայլը՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի։ Երկրորդ խնդիրն էլ, որ ծառացել է Փաշինյանի առջև, այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի ստորագրումից հետո իշխանության պահպանումն է։ Այդ է պատճառը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է Ադրբեջանի պահանջներից գոնե մեկը՝ ՀՀ տարածքով միջանցքի տրամադրումը, անկատար թողնել։ Հաջողելու պարագայում նա այդ փաստը կօգտագործի՝ ցույց տալու, որ կարողացել է «միջանկյալ» լուծում ապահովել, և կհայտարարի, որ հասել է իր նպատակին՝ «խաղաղության դարաշրջանի» հաստատմանը։

Իրենց արդյունավետությամբ, ցավոք, չեն առանձնանում նաև հայկական ընդդիմության լուծումները։ Այս թեմաներով Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում բավական ակտիվ քննարկումներ են ընթանում։ Հատկապես ուշագրավ էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ սեպտեմբերի 14-ին Հայաստանի նախկին նախագահներին, Վեհափառ հայրապետին և ընդհանրապես բոլոր կարող ուժերին արված առաջարկը՝ հանդես գալ միասնական ճակատով, վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին և, միավորելով ազգային ողջ ռեսուրսը, լուծել Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները (5)։ Այս կոչից հետո Սաղաթելյանը բավական ծավալուն ու դժվար աշխատանք է տարել և կարողացել է համոզել կաթողիկոսին, ՀՀ ու Արցախի նախկին նախագահներին նստել մեկ սեղանի շուրջ ու ելքեր փնտրել։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում։ Սակայն, ցավոք, մինչ այս պահը հանդիպման մասնակիցները որևէ արդյունքի չեն հասել և որևէ առաջարկով հանդես չեն եկել։ Ավելին՝ պարզ դարձավ, որ ստեղծված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը Փաշինյանին աջակցելն ու նոր կապիտուլյացիա ստորագրելն է (6)։ Մինչդեռ Հայաստանն արտաքին մարտահրավերներին դիմակայելու թե՛ ներքին և թե՛ արտաքին բավական մեծ ներուժ ունի։ Հարցն այդ ռեսուրսը կազմակերպելն ու երկրի անվտանգային խնդիրներին ծառայեցնելն է։ Սակայն սա մի ճանապարհ է, որով իշխանությունները չեն ցանկանում գնալ, իսկ ընդդիմությունը դեռևս չի կարող։

Մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի արտաքին միջավայրը։ Ինչպես հայտնի է, 2013 թ. սկիզբ առած ռուս-ուկրաինական ճգնաժամը խափանել է մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի՝ նախկինում բավական կայուն հիմքերի վրա դրված համագործակցությունը։ Ըստ էության, արդեն 2014 թ. առաջին ամիսներից աշխարհաքաղաքական այդ երկու կենտրոնները դադարել են Հարավային Կովկասում հակամարտությունների զսպման մեխանիզմների գործադրման հարցում իրենց կարևոր բաժինը կատարելուց։ 2014 թվականից ընդհուպ մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմը այդ գործառույթը կատարել են բացառապես հայկական զինված ուժերը: 2020 թ. վերջից փոխվել է ոչ միայն այդ իրողությունը, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի ողջ աշխարհաքաղաքականությունը։ Փոխվել են նաև ուժերի հարաբերակցությունը, հակամարտությունների զսպման մեխանիզմները, տարածաշրջանային պետությունների ձգտումներն ու ախորժակները, հարևան տերությունների շահերն ու հնարավորությունները։ Այդ փոփոխություններն էլ ավելի ակնհայտ դարձան սույն թվականի փետրվարի վերջին Ռուսաստանի՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելու հետևանքով։

Հիմա արդեն պարզ է, և ռուսական դիվանագիտական ու փորձագիտական շրջանակները այլևս չեն էլ փորձում թաքցնել, որ Հարավային Կովկասում, ի դեմս Թուրքիայի, ի հայտ է եկել նոր մեծ և ուժեղ դերակատար։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պարտավոր է անվտանգային նոր հայեցակարգ մշակել ու ստեղծված իրողություններին համարժեք քաղաքականություն վարել։

Ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորինս լավ բացահայտում է նոր իրողությունների տրամաբանությունը։ Այսպես՝ ս.թ. մարտի վերջին, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի կարող արագ լուծել Ուկրաինայում իր առջև դրված ռազմական խնդիրները, Ադրբեջանի զինված ուժերն Արցախում ներխուժեցին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և գրավեցին Փարուխ գյուղն ու Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Իսկ սեպտեմբերի կեսերին, երբ ռուսական բանակը մի շարք պարտություններ կրեց Խարկովի ուղղությամբ, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի արևելյան սահմանների վրա, և քիչ էր մնում՝ գրավեր Ջերմուկ քաղաքը։ Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իր գործողությունները դիտարկում է աշխարհաքաղաքական վերափոխումների լույսի ներքո և ներդաշնակեցնում իր քայլերն այն իրողությունների հետ, որոնք ձևավորվում են հարակից տարածաշրջաններում։ Սա գլոբալ նշանակության մի գործընթաց է, որի հետևանքով, ըստ տարածված կարծիքի, ձևավորվելու է նոր աշխարհակարգ։ Պարզ է, որ վերջին տարիներին տնտեսական և քաղաքական մեծ հնարավորություններ ձեռք բերած Թուրքիան ամեն ինչ անելու է աշխարհաքաղաքական այդ մրցավազքում առավելագույն արդյունքների հասնելու համար։ Այդ է պատճառը, որ Ռուսաստանի յուրաքանչյուր ձախողում թուրք-ադրբեջանական դաշինքին մեր տարածաշրջանում էլ ավելի ուժեղանալու, նոր դիրքեր գրավելու և սեփական հնարավորություններն ավելացնելու առիթ է տալիս։

Պաշտոնական Երևանը սա կարծես չի նկատում։ Արցախի և ընդհանրապես մեր տարածաշրջանի խնդիրները Փաշինյանի կառավարությունը դիտարկում է բացառապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում՝ հընթացս փորձելով իր համար լուծումներ գտնել մե՛կ Մոսկվայում, մե՛կ Բրյուսելում և մե՛կ Վաշինգտոնում։ ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ եկել է ընտրություն կատարելու ժամանակը։ Ադրբեջանը, օրինակ, այդ ընտրությունն արդեն կատարել է. Ալիևն իր երկրի ապագան տեսնում է փոփոխվող այս աշխարհում Թուրքիայի կողմից ձևավորվող նոր աշխարհաքաղաքական բևեռում։ Այդ է պատճառը, որ Ալիևը չի խորշում ժամանակ առ ժամանակ դեմ գնալ Ռուսաստանի տարածաշրջանային շահերին և նույնիսկ հակամարտության մեջ մտնել Կրեմլի հետ։ Հայաստանում նման որոշում չկա։ Փաշինյանը կարող է գնալ և «համբուրել» Պուտինի ձեռքերը, իսկ հաջորդ պահին լուրջ հարված հասցնել նույն Ռուսաստանին։ Նույն կերպ է Փաշինյանն աշխատում նաև Իրանի հետ, որը, ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում սկսել է հանդես գալ որպես Հայաստանի ֆիզիկական անվտանգության ապահովման բավական ազդեցիկ դերակատար։

Մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական պայքարում լուրջ դերակատարում է ստանձնել նաև Արևմուտքը, որի հիմնական խնդիրը Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումն է։ Փաշինյանի կառավարությունն անմասն չէ նաև այս զարգացումներից։ Համենայնդեպս, ակնհայտ է, որ վերջին ամիսներին հայկական կողմն ավելի ակտիվ համագործակցում է հենց Բրյուսելի, Փարիզի և Վաշինգտոնի հետ։ Ընդ որում, կարևոր է նշել, որ այդ համագործակցությունն ընթանում է հենց Արևմուտքի քաղաքական օրակարգերի շրջանակներում։ Հայկական շահն այստեղ նույնպես իսպառ բացակայում է։ Ամեն դեպքում արդեն փաստ է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» Հայաստանը ճանաչել է Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման ժամանակ՝ Ֆրանսիայի և ԵԽ նախագահների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած Ալիև-Փաշինյան հանդիպմանն ի հետևանք։

Իհարկե, վերոնշյալ փաստերը չեն նշանակում, թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արդեն փոխանցվել են Հայաստանին ու Ադրբեջանին, ավելի լավն են, քան Արևմուտքինը: Դա այդպես չէ։ Բայց այստեղ կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զբաղված է ոչ թե հայամետ, այլ իր համար նվազագույնս ցավոտ լուծումների որոնումով։ Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, Հայաստանն ունի մարտահրավերներին դիմագրավելու ներքին և արտաքին լուծումներ։ Օրինակ՝ պաշտոնական Երևանը կարող է և պարտավոր է կրկին քաղաքական օրակարգ վերադարձնել ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը կամ նվազագույնը զբաղվել սեփական զինված ուժերի վերականգնման և վերակազմակերպման խիստ անհրաժեշտ գործով։ Ինչո՞ւ այս ամենը չի արվում։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. Փաշինյանին ու իր թիմակիցներին հետաքրքրում է բացառապես սեփական իշխանությունը։

Ստեղծված իրավիճակից ելքերի մասին արդեն բավական շատ է խոսվել։ Առաջին քայլը, անկասկած, դավաճան իշխանությունների հեռացումն է։ Սակայն մենք տեսնում ենք, որ չափազանց ակնհայտ այս քայլը, տարբեր, կարծում եմ՝ հիմնականում արտաքին գործոններով պայմանավորված, հետաձգվում է։ Ցավոք, հայ քաղաքական էլիտաները մինչ այս պահը բացարձակ անկարողություն և թուլություն են հանդես բերել։ Շատ ուղիղ եմ ուզում ասել՝ ես չեմ կարող և չեմ ուզում հավատալ, որ կաթողիկոսի, նախագահների, մտավորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ, բացի Լևոն Տեր-Պետրոսյանի կապիտուլյացիայի օրակարգից, չի ծնվում։ Չի կարող նման բան լինել։ Սա աներևակայելի փաստ է։ Եվ որքան ուշանում է այդ առաջարկը, այնքան Հայաստանի վիճակն ավելի օրհասական է դառնում։

_______________________________________

Հղումներ

1. Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը, 06.10.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/10/07/Nikol-Pashinyan-Announcement/ (մուտք՝ 08.10.2022)։
2. Երևանը հայտարարում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմների մասին, 03.10.2022, https://www.azatutyun.am/a/32062951.html (մուտք՝ 04.10.2022)։
3. Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը, 03.10.2022, https://armtimes.com/hy/article/245285 (մուտք՝ 04.10.2022)։
4. Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի. չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ. Փաշինյան, 14.09.2022, https://lurer.com/?p=481372&l=am (մուտք՝ 15.09.2022)։
5. Վիճակն օրհասական է, մեկ սեղանի շուրջ պետք է հավաքվեն ՀՀ նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, կաթողիկոսը․ Իշխան Սաղաթելյան, 13.09.2022, https://www.tert.am/am/news/2022/09/13/saghatelyan/3839144 (մուտք՝ 15.09.2022)։
6. Եկել է հազարապատիկ լրջանալու պահը։ Հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, 26.09.2022, Հանրային հեռուստաընկերություն, Լուրեր, https://youtu.be/kTeWytVBdVI (մուտք՝ 27.09.2022)։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 10, 2022թ