կարևոր
2485 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-16 12:52
Հասարակություն

Վարդահովիտում հանքի ուսումնասիրությունների վերաբերյալ հերթական հանրային լսումները տապալվեցին. բնակիչները դեմ են

Վարդահովիտում հանքի ուսումնասիրությունների վերաբերյալ հերթական հանրային լսումները տապալվեցին. բնակիչները դեմ են

Վարդահովիտում հանքի ուսումնասիրությունների վերաբերյալ հերթական հանրային լսումները տապալվեցին: Այս մասին հայտնում են «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ գրառմանը կից տեսանյութ է հրապարակվել Վարդահովիտ գյուղի բնակիչների մասնակցությամբ հանրահին լսումներից:

«Հոկտեմբերի 14-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում նախատեսված բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ հանրային լսումները համայնքի ղեկավարի կողմից հայտարարվել են չկայացած։ 
Ըստ էության դժվար է հանրային լսում անվանել հավաքը, որի ընթացքում հնչեցված մեր որևէ հարցի պատշաճ, կառուցողական և սպառիչ պատասխան չհնչեց «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից։ 

Այնուամենայնիվ, գերլարված մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում համայնքի դիրքորոշումը հստակ էր արտացոլված․ համայնքն ընտրում է իրական կայուն զարգացումն, այլ ո՛չ մահաբեր հանքարդյունաբերության թվացյալ «առավելությունները», որոնք շատ կարճ ժամանակահատվածում աղետի են վերածվելու ոչ միայն տեղի բացառիկ կենսաբազմազանության, այլև մարդկանց համար։

Հիշեցնենք, որ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ կողմից հայցվող 94քկմ տարածքն ամբողջությամբ համընկնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնավոր կերպով պահպանվող բնապահպանական տարածքի հետ․ Վարդահովիտի վարչական տարածքից վարձակալած ավելի քան 5000հա տարածքում հիմնադրամը 2016թ․-ից իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն ուղիների պահպանության նախագիծը՝ մեկտեղելով այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված մի շարք այլ նախագծերի հետ, մասնավորապես՝ էկոգյուղերի ցանցի ստեղծմանը։ 

Եւս մեկ անգամ կոչ ենք անում, հորդորում ենք, խնդրում ենք մեր ընկերներին, գործընկերներին, բնությամբ մտահոգ բոլոր անհատներին ու կազմակերպություններին միանա՛լ խնդրի բարձրաձայնմանը, հայտնել իրենց դիրքորոշումը, մեր կողքին լինել՝ Հայաստանի կենսաբազմազանության այդ բացառիկ կտորը փրկելուն, համայնքների առողջ ու բարեկեցիկ ապագան չվտանգելուն ուղղված մեր ջանքերում»։