26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Իրանի նախագահ Ռաիսիի հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահի հետ առ այն, որ իրենց համար անընդունելի է, որեւէ այլ օտարերկրյա ռազմական ներկայությունը տարածաշրջանում հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Իրանի նախագահի այս հայտարարությունը որակել է անտեղի, իսկ Իրանի նախաձեռնած զորավարժությունները՝ պրովոկացիա։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանին կազմակերպում է պրովոկացիոն զորավարժություն, իսկ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ զրույցում հայտնում է ոչ տեղին զգուշացումներ՝ տարածաշրջանում օտարեկրյա ռազմական ներկայության անթույլատրելիության մասին։ Միաժամանակ, իրանական «մոլակրատիան», ամենայն հավանականությամբ, «օտարերկրյա» չի համարում Հայաստանում ռուս զինվորականներին և ներողամտորեն է վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանին ինչ-որ եվրոպացի դիտորդներ ներգրավելու Հայաստանի մտադրությանը»,- ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի պատգամավորը։
Ավելին, նա հայտարարել է, թե Ադրբեջանում վաղուց են ծանոթ իրանական «խեղաթյուրված» աշխարհընկալմանն ու քաղաքականությանը, ու բավական հանդուգն ձեւակերպմամբ խորհուրդ տվել Իրանին՝ ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ հարաբերություններում ճնշումներից։
«Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռիսկերը, քանի որ ի պատասխան հարվածի տակ կհայտնվեն Թուրքիայի և Պակիստանի հետ իրենց սահմանները, հազարավոր հրթիռներ ու ռումբեր Իսրայելից և Սաուդյան Արաբիայից, որոնք վաղուց պատրվակ են փնտրում Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, կթափվեն իրենց գլխին»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։