կարևոր
4822 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-14 17:52
Աշխարհ Սփյուռք

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(սեպտեմբերի 20-հոկտեմբերի 14, 2022 թ.)

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի կեսերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ավելի ուժեղացրեց աշխատանքները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և այդ երկրին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը դադարեցնելու ուղղությամբ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով, սեպտեմբերի երկրորդ կեսին Վաշինգտոնում գտնվող Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ Արցախի անկախությանը նվիրված ձեռնարկի շրջանակներում։ Ձեռնարկը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։ Բաբայանից բացի ելույթներ են ունեցել և հայ ժողովրդին զորակցություն հայտնել կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը և Դավիթ Սիսիլինին։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։

Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը սեպտեմբերի վերջին հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։

Իր այս մտադրության մասին Սփիերն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում՝ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում։ Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձևը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը և համերաշխություն հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։ Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն:

Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է արվում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար։ Բանաձևով համերաշխություն է հայտնվում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։

ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդեսի և Մարկո Ռուբիոյի ներկայացրած բանաձևով, փաստորեն, Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունից զրկելու, պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ  հարցեր մտնում են նաև ԱՄՆ Սենատի օրակարգ։ Ավելի վաղ իրենց բանաձևերի նախագծերով այդ հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգ էին մտցրել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիերը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բազմաբնույթ աշխատանքներ է իրականացնում՝ ապահովելու համար ներկայացված երեք նախագծերի ընդունումը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում, սեպտեմբերի 28-ին ԱՀ արտգործնախարարության և Գլենդելի քաղաքային խորհրդի հետ ստորագրվել է Գլենդելի և Մարտունիի միջև «քույր-քաղաքային» հարաբերությունների հաստատման մասին հուշագիր։

Հուշագրի նախագիծը Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի կողմից քաղաքային խորհրդին ներկայացվել էր դեռևս օգոստոսի 23-ին և ընդունվել միաձայն:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։

Մենենդեսի նոր նախաձեռնությունը ենթադրում է համապատասխան կարգավորումներ 2023 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են 907-րդ բանաձևի կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումը ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համատեղ «Ամերիկա-հունական առաջնորդության խորհրդի» և հրեա ռաբի Շմուլեյ Բոթիչի, հոկտեմբերի 12-ին  բողոքի ցույց է կազմակերպել Ֆիլադելֆիայում՝ ազգությամբ թուրք, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի և Էրդողանի մտերիմ Մեհմեդ Օզի նախընտրական կենտրոնական գրասենյակի առջև։ Օզը պայքարում է ԱՄՆ Սենատի անդամ ընտրվելու համար և մերժում է Հայոց եւ Հունաց ցեղասպանությունների փաստը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոալիցիոն գործընկերների հետ տևական ժամանակ պայքարում է, որպեսզի խափանի Մեհմեդ Օզի ընտրությունը՝ մերկացնելով նրա կապերը թուրքական բռնապետական ռեժիմի հետ։

Հոկտեմբերի 13-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Հայաստան ժամանել պատրաստվող կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել Հայ դատի հանձնախմբի հինգ քաղաքական առաջնահերթությունները, որոնք ներառում են Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցումը, Հայաստանի անվտանգությանն աջակցությունը, Արցախին հումանիտար օժանդակության տրամադրումը, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկումը, Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքը։

Եվրոպա

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Բրյուսելի Շուման հրապարակում, Եվրոպական Միության գործադիր կառույցների դիմաց, տեղի ունեցավ բողոքի ցույց՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ցուցարարները ԵՄ-ից պահանջում էին դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը, վերջ տալ բռնապետական Ադրբեջանի հետ գործընկերությանը, պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։ Ցուցարարները ուշադրություն հրավիրեցին նաև ադրբեջանական ռազմական հանցագործությունների վրա՝ ներառյալ կին զինվորականների խոշտանգումները, ինչպես նաև Ադրբեջանում հայերի նկատմամբ պետական մակարդակով տարվող ատելության քաղաքականությունը։ Ցույցը համատեղ ջանքերով կազմակերպել էին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Հանձնախումբը, Բելգիայի Հայերի Կոմիտեն, Բելգիահայ դեմոկրատների միությունը, ՀՅԴ Հայ Դատի Բելգիայի Հանձնախումբը և Գերմանահայերի կենտրոնական խորհուրդը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը աշխատանքներ է իրականացրել ինչպես Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ քննարկում անցկացնելու, այնպես էլ պատգամավորների շրջանակում հնարավորինս շատ և թիրախային ելույթներ ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում, հոկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում տասնյակ պատգամավորներ խոսել են ադրբեջանական ագրեսիայի մասին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելից պահանջել իրականացնել կոնկրետ գործողություններ։ Մանսավորապես ելույթներ են ունեցել Հարավային Կովկասի երկրների հետ ԵԽ խորհրարանական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Պետեր Վան Դալենը և այլ խորհրդարանականներ։

Կանադա
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը սեպտեմբերի վերջին շարունակել է աշխատանքները՝ պայմանավորված Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայով։ Սեպտեմբերի 24-ին, վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի վրա գումարված նիստը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին կոչ է արել հասցեական անդրադառնալ և դատապարտել ադրբեջանական ագրեսիան, սատարել ՀՀ տարածքային ամբողջականությանը:  Հարկ է նշել, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը հասցեկան գնահատական է տվել ադրբեջանական նախահարձակ գործողություններին և համերաշխություն հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը։

Հոկտեմբերի 1-ին Վանկուվերի Հայ կենտրոնում կայացել է ընթրիք-նվիրատվություն՝ Հայ դատի աշխատանքներին զորակցության համար։ Ընդհանուր առմամբ հավաքագրվել է 120․000 դոլար։ Օրվա գլխավոր բանախոս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանում ու Սփյուռքում հայ ժողովրդի, Հայ դատի քաղաքական ծրագրի ներկա մարտահրավերներին ու առաջիկա անելիքներին։

Մեծ Բրիտանիա

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին որոշակիորեն անդրադարձել են նաև անգլիական քաղաքական շրջանակներում։Մասնավորապես խորհրդարանական Քրիս Լոն հրապարակավ դատապարտել է ադրբեջանական գործողությունները և քննարկման ներկայացրել Ադրբեջանի կառավարության գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծ։ Հայ դատի Անգլիայի հանձնախումբն ակտիվ աշխատանքներ է տանում նախագծի ընդունմանը նպաստելու ուղղությամբ։ Խորհրդարանական ընդդիմության՝ պաշտպանության նախարարի թեկնածու Ջոն Հալին, իր հերթին պաշտոնական գրությամբ դիմել է Անգլիայի պաշտպանության նախարար Բեն Վալասին՝ փորձելով հասկանալ թե Մեծ Բրիտանիան ինչ ներգրավվածություն ունի լարվածության հաղթահարման գործում։ Գրեթե նույն խնդրով Հալին դիմել է նաև Անգլիայի արտաքին գործերի նախարարին։ Բրիտանական կառավարության երկու անդամներն էլ հստակ պատասխաններ չեն տվել բարձրացված հարցերի վերաբերյալ։  

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին սադրանքին որոշակի անդրադարձ է կատարվել Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Մասնավորապես, սեպտեմբերի վերջին Ավստրալիայի ամենամեծ՝ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամներ, «Ավստրալիա-Հայաստան» բարեկամության խմբի և «Արցախի բարեկամների» միջազգային ցանցի անդամներ Թիմ Ջեյմսը, Հուգ Մըքդերմոթը և Ֆրեդ Նիլ Միլսն առանձին հայտարարություններով դատապարտել են ադրբեջանական ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին Ավստրալիայի ամենահայաշատ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին և նահանգային խորհրդարանին ու կառավարությանը կոչ արել ֆեդերալ կառավարությունից պահանջել հստակ և առանց այլևայլությունների դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը միացել է նաև Ավստրալիայի ֆեդերալ խորհրդրանի պատգամավոր Փոլ Ֆլետչերը՝ կառավարությանը կոչ անելով հանդես գալ հայ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության դիրքերից։

Հոկտեմբերի 13-ին Հուգ  Մըքդերմոթը ֆեդերալ կառավարությունից պահանջել է անմիջապես հետ կանչել Թուրքիայում Ավստրալիայի դեսպանին ու դեսպանության ռազմական կցորդին՝ օգոստոս ամսվա ընթացքում օկուպացված Շուշի քաղաք այցելելու համար։

Լիբանան
ՀՅԴ Հայ դատի  Լիբանանի մարմինը հոկտեմբերի 4-ին նամակ է հղել Լիբանանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Իոաննա Վրոնեցկային՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով հայ ռազմագերիների սպանությունների վրա։ ՀՅԴ Հայ դատի մարմինն ուշադրություն է հրավիրել նաև սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո ադրբեջանական ուժերի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունների վրա, ընդգծել միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և միջազգային իրավասու կազմակերպություններին կոչ արել հստակ ու աներկբա դատապարտել ադրբեջանական քստմնելի ու բարբարոսական արարքները, պատժել դրանց հեղինակներին։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

14.10.2022 թ.