կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-14 11:44
Աշխարհ

Վստահ եմ, որ այս հանդիպմանը կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը

Վստահ եմ, որ այս հանդիպմանը կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին: Բացման խոսքում Լավրովը ողջունել է իր գործընկերներին՝ նշելով, որ հյուրընկալ Աստանայում լավ առիթ է այդ թեմայի շուրջ շփվելու:

«Այստեղ տարբեր ուղղություններով միջոցառումներ են անցկացվում։ Դա թույլ է տալիս միջազգային հանդիպումների շրջանակներում շփումներ իրականացնել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում ՝ մեր մտերիմ բարեկամների ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Բարձր մակարդակով ստորագրված այս հայտարարությունները հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին թեմա է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազում իրականացնելու մասին պայմանավորվածությունների ՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ:

«Ժամանակն անցնում է արագ, իրադարձությունները զարգանում են արագ: Այս կապակցությամբ, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է շփվելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին իրենց կողմից ստորագրված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ուրախ եմ այդ հնարավորության համար։ Վստահ եմ, որ այս հանդիպմանը մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել»,- եզրափակել է Լավրովը: