կարևոր
2764 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-14 10:42
Քաղաքական

Խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ԱրՊՀ-ում

Խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ԱրՊՀ-ում

Արցախի պետական համալսարանում մեկնարկած «Արցախ. նոր մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» խորագրով ԱՀ և ՀՀ պետական, քաղաքական գործիչների հետ հանդիպումների շրջանակում հոկտեմբերի 13-ին ԱրՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության «Արցախի ժողովրդավարական», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» կուսակցությունների ներկայացուցիչներ Աշոտ Ղուլյանի, Արթուր Մոսիյանի և Դավիթ Գալստյանի հետ:

Նախքան հանդիպման մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում անմահացած ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հասարակության շրջանում բազում հարցեր են կուտակվել, անորոշություն է տիրում, և Արցախի ապագայի, հետագա անելիքների հարցը հուզում է նաև շարժման ակունքներում գտնվող Արցախի մայր բուհի համալսարանականներին:

Հանդիպումը ծավալվել է հարցուպատասխան ձևաչափով: «Արցախի Ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի խոսքով՝ իրավիճակն այսօր այնպիսին է, որ ամեն օր օրակարգ է փոխվում, մեր շուրջը լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: «Նույնիսկ եթե մեկ ամիս առաջ էլ հանդիպած լինեինք, միևնույն է, նախորդ հանդիպումից հետո որոշակի զարգացումներ, նոր իրադարձություններ էին տեղի ունենալու»,- նշել է Աշոտ Ղուլյանը՝ ավելացնելով, որ հանդիպմանը ներկա երեք քաղաքական ուժերն ԱՀ խորհրդարանում միասին ընդդիմության դիրքերից են հանդես գալիս: Իսկ նման հանդիպումները հանրային տրամադրությունների ուսումնասիրման լրացուցիչ հնարավորություն են:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ողջունելով նախաձեռնությունը, առաջարկել է իրադարձությունների արագորեն զարգացման ֆոնին նման հանդիպումները պարբերական դարձնել։

Անդրադառնալով ՀՀ մեկնած պատվիրակության արդյունքների մասին հարցին՝ Արթուր Մոսիյանը տեղեկացրել է, որ այն ՀՀ այցելած առաջին պատվիրակությունը չէ, մինչ այդ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են այցելել, հանդիպել ԱԳ նախարարի, ԱԺ նախագահի, խորհրդարանական խմբակցությունների հետ: «Անձամբ ես այս հանդիպումից սպասելիք չունեմ, որովհետև կա սցենար, և իշխանությունը 2018թ. բերվել է այդ սցենարն իրականացնելու համար: ՀՀ-ում արտաքին վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որը ցավոտ է լինելու մեզ համար: ՀՀ-ԱՀ միջպետական հանդիպումներ չկան, դրանք փոխարինվել են Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումներով, ինստիտուցիոնալ իմաստով կապ չկա: Որոշ կետերի շուրջ Արցախում ներքաղաքական կոնսենսուս կա, բայց այս ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում: Քաղաքական զարգացումներ են ընթանում, հիմա սպասողական վիճակում ենք»,- նշել է Արթուր Մոսիյանը՝ ավելացնելով, որ Արցախում սեփական օրակարգի ձևավորման անհրաժեշտություն կա:

Նրա խոսքով՝ հիմա առաջնայինը հայրենիքի փրկության հարցն է, ընդդիմության-իշխանության հարց չկա. «Դա չի նշանակում, թե մարդիկ իրենց արածների համար պատասխան չեն տալու: Այս պահին պետք է բոլոր հարցերը թողնել մի կողմ և ամեն ինչ անել պետական ինստիտուտների հզորացման համար: Այսօր Արցախի պետականությունը փրկելու խնդիր կա, այն պարագայում, որ ՀՀ իշխանությունները, նաև դրսի դերակատարները, ուղղակիորեն հարվածում են պետական ինստիտուսներին»:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շեշտել է, որ այսօր երիտասարդությունը, ուսանողությունը շատ ավելի մեծ դերակատարություն պիտի ունենան և իրենց վճռական խոսքն ու պահանջները ներկայացնեն թե՛ հանրությանը, թե՛ երկրի ղեկավարությանը: Անտարբերությունը միայն ու միայն երկարաձգում է կործանման ճանապարհը, պետք է վճռականություն դրսևորվի թե՛ ուսանողության, թե՛ քաղաքական ուժերի կողմից:

Բանախոսները պատասխանել են նաև սահմանադրական բարեփոխումների, քաղաքական ուժերի կողմից պատասխանատվություն ստանձնելու, Արցախի ապագայի հետ կապված հարցերին: