կարևոր
4336 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-06 23:18
Աշխարհ Քաղաքական

AFP-ն՝ ԵՔՀ-ի ընտանեկան լուսանկարի մասին. Փաշինյանը կանգնած է Էրդողանի ետեւում, երկրորդ շարքում

AFP-ն՝ ԵՔՀ-ի ընտանեկան լուսանկարի մասին. Փաշինյանը կանգնած է Էրդողանի ետեւում, երկրորդ շարքում

Եվրոպայի առաջնորդները մեկ մեծ բացով պատկերված են «ընտանեկան լուսանկարում»՝ Պրահայում նորաստեղծ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունն ընդգծում է խորը անջրպետը նրա երկրի եւ մայրցամաքի մնացած մասի միջեւ, գրում է AFP-ն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես չկա լուսանկարում եւ այժմ ԵՄ-ում նախագահող Չեխիայի կառավարության կազմակերպած գագաթաժողովում։

Հաշվի առնելով բավականին անհասկանալի օրակարգը, ընտանեկան լուսանկարը, կարծես թե, կդառնա հանդիպման գրավիչ կետը, որին մասնակցում են ԵՄ առաջնորդները, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Կոսովոյի, Շվեյցարիայի եւ Թուրքիայի առաջնորդները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնության հեղինակն է, ասել է, որ նախագիծը մշակվել է, որ «միասնության» եւ «ռազմավարական մտերմության» մասին ուղերձ հղի: Սակայն 44 առաջնորդների միջեւ եղած տարաձայնությունները ի հայտ են եկել նույնիսկ Պրահայի ամրոցում նկարվելիս:

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի ձախ կողմում է, վերջինիս համարում են ԵՄ-ի հանգիստը խաթարող՝ կոռուպցիոն օրենքների նկատմամբ իր դիրքորոշման եւ Պուտինի հետ սերտ կապերի պատճառով:

Ինքը՝ Մակրոնը կենտրոնական տեղ է զբաղեցրել առաջին շարքում՝ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի միջեւ:

Ֆիալայի աջ կողմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը կտրուկ քննադատության է արժանացել ԵՄ-ի կողմից՝ Հայաստանի հետ իր երկրի ռազմական բախումների պատճառով, կանգնած է իր դաշնակցի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին, որին ԵՄ-ն նույնպես խնդրահարույց է համարում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ուրբաթ օրը ավելի վաղ հանդիպել է Ալիեւի եւ Էրդողանի հետ բանակցությունների համար, կանգնած է Էրդողանի ետեւում, երկրորդ շարքում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որին քննադատում են Ուկրաինա ժամանակակից զենք ուղարկելու հարցում դանդաղելու համար, ետեւում է՝ երրորդ շարքում։

Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին եկել է հանդիպմանը՝ ողջունելով այն որպես եվրոպացի գործընկերների հետ «հավասարի պես» հանդիպելու հնարավորություն: Բայց նա, հնարավոր է, դժգոհ է լուսանկարից, քանի որ մնացել է եզրին, եւ նրան զգալիորեն փակում է Ուկրաինայի բարձրահասակ վարչապետ Դենիս Շմիգալը: