կարևոր
3244 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-06 14:10
Քաղաքական

Կարեն Անդրեասյանը համարում է, որ ԲԴԽ տեղափոխվելը իրեն կմոտեցնի արդար դատարան ունենալու երազանքին

Կարեն Անդրեասյանը համարում է, որ ԲԴԽ տեղափոխվելը իրեն կմոտեցնի արդար դատարան ունենալու երազանքին

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը վստահության քվե ստանալուց հետո խոստանում է լինել ԲԴԽ անդամներից մեկը, ով կգործի արդար: «Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը և սա ի վերջո այդ երազանքին մոտենալու հնարավորություն է:  ԲԴԽ-ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա: Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն: Մենք մաքրելու ենք դատական համակարգն անարդարությունից»: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:

Նա նշեց, որ ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ այն աշխատանքի արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն:

«Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն:  Շատ ավելի քաղաքական զսպվածություն եմ խոստանում նաև հետագա իմ ելույթներում, ինչը նաև պարտավոր եմ համապատասխան էթիկայի շրջանակներում: Ինձ համար չի լինելու քաղաքականություն այն պահից հետո, երբ ինձ կվստահեք այդ պաշտոնը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե 2013 թվականի դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա համատարած ուշացումներն են:

«Մենք պետք է թեթևացնենք դատավորների ծանրաբեռնվածությունն այնքան, որ նրանք ինքնակրթման գոնե մի փոքր ժամանակ ունենան: Կառավարության ծրագրում արդեն իսկ հստակ դրված է մասնագիտացված դատարանների ստեղծումը: Մենք պետք է ունենանք կարգապահական հստակ միջոցներ»,-նշեց Անդրեասյանը:

Արձագանքելով մամուլում տարածված լուրերին, թե Կարեն Անդրեասյանը մասնավոր իրավաբանական  ընկերության սեփականատեր է և չի կարող ԲԴԽ անդամ դառնալ՝ ԲԴԽ անդամի թեկնածուն հորդորեց լրագրողներին հրապարակումներ անելուց առաջ  ճշտել:

«Ես երբեք չեմ եղել այդ իրավաբանական ընկերության բաժնետեր, որի մասին գրված է: Այդ ընկերությունում իմ կինն ունի բաժնեմաս: Կան ԲԴԽ անդամի գործունեության շատ հստակ կանոններ շահերի բախման դեպքերում: ԲԴԽ-ն դատում է դատավորներին, և հետևաբար բոլոր այն գործերը, որտեղ կլինի շահերի բախում, ինքնաբացարկ կհայտնեմ և չեմ լինի նրանց դատավոր»,-ընդգծեց Անդրեասյանը: