կարևոր
2767 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-23 08:43
Քաղաքական

Բլինքենը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը

Բլինքենը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները:

Բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար:

ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: