|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի բուհերում հայոց լեզվի հետ կապված խնդիրներ չկան եւ չեն լինի, թեեւ այս հարցը հաճախ է շահարկվում։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողներին ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա պարզաբանեց, որ ընդունելության քննությունների առարկաների ցանկը կազմում են հենց բուհերը, նախարարությունը միայն նշել է, որ չպետք է երկուսից ավելի առարկա լինի։
Նախարարը հիշեցրեց, որ դպրոցներում ավարտական քննությունների ժամանակ բոլորն արդեն հայոց լեզու են հանձնում։
«Մեր ապագան այնպիսին պետք է լինի, որ բուհ ընդունվելու համար ընդհանրապես ընդունելության քննություններ չլինեն, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի առաջատար բուհերում։ Այժմ ընդունելության քննություններն անցկացվում են այն պատճառով, որ հանրակրթության ոլորտում խնդիրներ կան՝ դասավանդման մակարդակի տարբերության առումով։ Պատկերը շատ տարբեր է ողջ երկրում»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ այսօր որոշ կեղծ փորձագետներ մոլորեցնում են հանրությանը, նույնը նկատվում է նաեւ խորհրդարանում։
«Ես հիմա նախարարի պաշտոն եմ զբաղեցնում, բայց ինձ երբեք էքսպերտ չեմ կոչել, բայց շատ մարդիկ, ովքեր ոչնչի չեն հասել, դրամաշնորհներ են ստանում եւ որպես փորձագետ են ներկայանում»,- եզրափակեց Դումանյանը։