|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի։ Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։
Ցույցին մասնակցել են ոչ միայն Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները, այլեւ Սահակաշվիլիի կողմնակիցները երկրի տարբեր շրջաններից։
Կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան Թբիլիսիի կենտրոնում հավաքվածներին հորդորել է շրջապատել կառավարության շենքը, ինչից հետո ոստիկանները շարվել են շենքի դիմաց։ Քաղաքական գործիչը խնդրել է ցուցարարներին՝ չցրվել այնքան ժամանակ, քանի դեռ Սահակաշվիլիին չեն տեղափոխել մասնավոր կլինիկա և չեղարկել «գողացված ընտրությունների» արդյունքները։
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխել էին Թբիլիսիի Գլդանի արվարձանում գտնվող բանտային հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։
Սահակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին՝ 2013 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստան վերադառնալուց հետո։ Հայրենիքում նախկին նախագահը հեռակա դատապարտվել է չարաշահման համար՝ վեց տարվա ազատազրկման։
Սահակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում եւ բանտարկվելուց անմիջապես հետո, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Անձնական բժիշկը, փաստաբաններն ու հարազատները ամեն օր խոսում են նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման մասին և պահանջում նրան տեղափոխել քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկա։
Իշխանությունները համաձայնել են Սաակաշվիլիին տեղափոխել միայն Թբիլիսիի բանտային հիվանդանոց։