|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները», - ասված է հայտարարությունում։