|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են․ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Հայաստանի վարչապետի առաջարկի վերաբերյալ:
«Նշված հարցերի շուրջ ընթանում են առարկայական խորհրդակցություններ, այդ հարցերը քննարկվում են, այդ թվում՝ պրակտիկ իմաստով: Երբ ընդունվեն համապատասխան որոշումներ՝ մենք դրա մասին կտեղեկանանք: Ինչպես գիտեք՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն, և շատ կարևոր է, որ տեղի բնակչությունը իրեն ավելի հարմարավետ ու ապահով զգա իր համար այս անսովոր իրավիճակում: Այո, քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և պայմանավորվածությունների կատարման շահերի հիման վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով», - նշել է Ռուսաստանի դեսպանը: