|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ:
Հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։
Երկուստեք կարևորվեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: