|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Վարչապետը լայվեր մտնելու փոխարեն թող կազմակերպի արցախցիների տարհանումը, քանի որ մարդիկ ճանապարհներին իրերով կանգնած են, մեքենա չկա, որ բերի։ Մարդիկ, իրենց կենդանիները, իրերը թողած, հետ են գալիս։ Մարդիկ կային, որ ճանապարհին բուլդոզերներն էին կանգնեցնում ու խնդրում, թե՝ տունս քանդի, մենակ չմնա թուրքերին»,-17 կուսակացությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ Yerkir.am-ին ասաց Հրաչյա Ասլանյանը, որը երեկ է վերադարձել Դրմբոնից։
Նա պատմեց, որ ճանապարհի սարսափելի տեսարանն իրեն հիշեցրել է 1915 թվականի գաղթը: «Վերին Շենի՝ Գետաշենի ճամփին մարդիկ ոտքով էին քայլում, քանի որ իրենց ավտոմեքենաները պայթեցված են։ Չեք պատկերացնի՝ ինչ տեսարան էր»,- ցավով պատմեց մեր զրուցակիցն ու հավելեց․ «Երեկ Դադիվանքում վերջին անգամ մոմ վառեցինք, խաչքարերը դեռ այնտեղ էին, բայց այսօր իմացա, որ տեղափոխում են»։
Ըստ Հրաչյա Ասլանյանի՝ գուցե տեխնիկայի պակաս ենք ունեցել, բայց մարդուժի պակաս չենք ունեցել: «Դադիվանքում հանդիպեցինք արցախցի ազատամարտիկներին: Երեկվա ժամը 4-ի դրությամբ ասում էին, որ մեր տղաները հիմա Շուշիում են բոլորը։ Միգուցե մենք տեխնիկայի պակաս ունենք, բայց որ ասում են՝ մարդկանց պակաս ենք ունեցել, ու այսինչի ջոկատը, որ գնար, կփրկվեինք, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա ու, շրջվելով հավաքված ոստիկանական ուժերի կողմը, նշեց. «Նրանք էլ են եղել առաջնագծում, ուղղակի նրանց երեկ առաջին հերթին շուտ հետ բերեցին, որ այսօր այս հանրահավաքին կանգնեն»։
Հրաչյա Ասլանյանը նաև ցավով արձանագրեց՝ ցավալի է, բայց մենք անվերադարձ կորցրեցինք ամեն ինչ:. «Այստեղ կբերեմ Մոնթեի խոսքերը՝ եթե չլինի Արցախը, չի լինի Սյունիքը։ Այստեղ էլ կցիտեմ Նժդեհի խոսքերը՝ եթե չլինի Սյունիքը, չի լինի Հայաստանը։ Նժդեհը 200 հոգանոց խմբով պահեց Սյունիքը, որ Նախիջևանը չմիանար Ադրբեջանին, իսկ մենք այսօր նրանց միջանցք ենք տալու»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Եղիազարյան