|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դասախոս Միքայել Մանրիկյանն ու կենտրոնի աշխատակիցը հյուրերին ծանոթացրեցին վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրեցին առկա ժամանակակից սարքավորումները, որոնք նպաստում են վիրավոր զինծառայողների արդյունավետ վերականգնմանն ու լիարժեք ապաքինմանը:
Ֆրանսիայի Սենատի անդամին ներկայացվեց նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։
Բարեկամ երկրի՝ Ֆրանսիայից, ժամանած հյուրերը տեղեկացան, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:
Սենատի անդամ Ստեֆան Ռավիեին տեղեկացվեց նաև, որ «Զինվորի» տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան (1988-1994թթ.) առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան (2016թ.) և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:
Ֆրանսիայի սենատոր Ստեֆան Ռավիեն տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Սենատի անդամին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի սենատի անդամ Ստեֆան Ռավիեն վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։