|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը:
«Մենք հույս ունենք, որ հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը կպահպանվի, և որ այն էականորեն կթեթևացնի տուժածների վիճակը»,- ասել է նա:
Շուեպը հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման հարցում: «Սակայն կողմերը պետք է պայմանավորվեն ձևաչափի հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը նրանց հետ՝ ներկայացնելով առաջարկներ»,- մանրամասնել է տարածաշրջանային տնօրենը:
Նրա խոսքով՝ կողմերը պետք է պայմանավորվեն գործառնական և լոգիստիկ հարցերի շուրջ, իսկ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: «Բացի այդ՝ պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունները կատարվեն»,- ընդգծել է Շուեպը:
ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը ներգրավված չէ քաղաքական բանակցությունների մեջ: «Մեր դերակատարումը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ասել է նա: