|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրեցին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները:
Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր գնահատեցին ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: ՀՀ ԱԳ նախարարը արժևորեց Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը: