|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարևոր է համարել ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումը, քանի որ տարիներ շարունակ ոչ արդար որոշումների մասին բազմաթիվ ահազանգեր ու բողոք-նամակներ են ստացվել քաղաքացիներից: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շտկելու համար վերանայվելու են հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները և դրանց առնչվող օրենսդրական դաշտը:
Նախագահը հանձնարարական է տվել վերակազմավորելու գործող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը՝ ընդգծելով, որ պետք է կառույցից առանձնացնել բողոքարկման գործառույթն իրականացնող փորձաքննական ու վերականգնողական ծրագրերի բաժինը, ինչպես նաև բարձրացնել մասնագետների աշխատավարձերը:
Հանրապետության նախագահը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել հաշմանդամության համապատասխան կարգերի տրամադրման համար առկա չափորոշիչները և հստակ ժամկետում հանդես գալ նոր առաջարկություններով:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: