|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին:
Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում պարետատան կողմից իրականացվող աշխատանքները, առաջացող խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևոր և պահանջված է համարել նման ձևաչափով հանդիպումները, ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու հարցում միայն առողջապահության ոլորտի և պարետատան աշխատանքները բավարար չեն: «Առկա ռեսուրսները մոբիլիզացնելու և մեր հանրությանը հիմնավորված ազդակներ տալով կարող ենք հասնել դրական արդյունքների: Կարևորում եմ նմանօրինակ նախաձեռնություններն ու ուրախ եմ հանդիպման համար, որովհետև այս պայքարի շրջանակներում հանդիպումների և մտքերի փոխանակության ձևաչափը առանցքային նշանակություն ունի ճիշտ մոտեցումներ և ռազմավարություն որդեգրելու տեսանկյունից»,- նշել է պետական նախարարը:
Առանձին անդրադարձ է կատարվել արագ թեստերի արդյունավետության աստիճանին, մեկուսացման վայրերի պայմաններին, մեկուսացման պահանջը խստացնելու, կամավորներին անհրաժեշտ աշխատանքներում ներգրավվելու հարցերին: