|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն այդպիսի որոշում է կայացրել դռնփակ նիստի ժամանակ՝ ամփոփելով արդյունքները, իսկ արդեն մայիսի 5-ին գումարվող ԱԺ հերթական նստաշրջանին այդ հարցը եւս կքննարկվի։
Նշենք, որ յուրաքանչյուր քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետ կարելի է երկարաձգել միայն մեկ անգամ, որից հետո պետք է արդեն զեկույց ներկայացնել արդյունքների մասին։
Նկատենք, որ գոյության այս ամիսների ընթացքում հանձնաժողովը միայն երկու նիստ է անցկացրել։ Ամեն դեպքում ԱԺ պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին խոսում։
Ընդ որում, հունվարի 24-ին աշխատակարգ են սահմանել, մարտի 2-ին քննարկել պաշտոնյաների հրավիրման հարց, իսկ երեկ էլ հավաքվել, որոշել երկարացնել գործողության ժամկետը։ Եվ արձանագրության մեջ հանդիպում ենք այսպիսի արտահայտության․ «աշխատանքի բաշխում՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»: Ստացվում է՝ իրենք եւս ընդունում են, որ անարդյունավետ է եղել այս ամիսների աշխատանքը։
Հավելենք, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։