|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի հրապարակմանը, որով նա կոչ է արել «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»: Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հրապարակայնորեն կոչ է անում «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»: ԿԳՄՍ նախարարի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ուշադրությունն ենք հրավիրում փաստի վրա, որ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը հրապարակայնորեն զբաղված է ակադեմիական ազատության սահմաններն անցնող քաղաքական քարոզչությամբ:
Հատկապես մտահոգեցուցիչ է, որ պետական ակադեմիական հաստատության դեկանի պաշտոն զբաղեցնողը ազատ խոսքի և լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հրապարակայնորեն գռեհիկ մտքեր է հայտնում և 1930-ականների բոլշևիկներին ու գերմանական նացիոնալ-սոցիալիստներին հարիր կոչեր է անում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից կարգի հրավիրել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանին ու նրա հետ բացատրական աշխատանքներ տանել հետագայում բացառելու համար լրատվամիջոցների գործունեության և ազատ խոսքի նկատմամբ հարձակումները:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների քաղաքականացման ու լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու փորձերին և գործընթացի մասին տեղյակ է պահելու հանրությանն ու միջազգային կազմակերպություններին»: