|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևանի Բաբաջանյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկում ճանապարհային ոստիկանությունը շարունակում է տուգանային բալեր հավաքել: Այո, այո, ճանապարհային ոստիկանությունը և ոչ թե վարորդները: Այս խաչմերուկը իսկական պատուհաս է դարձել ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար:
Ամիսներ առաջ ՀՅԴ Ավանի կոմիտեն տարածքի բնակչության ստորագրություններով հարց էր բարձրացրել այս խաչմերուկում լուսացույց տեղադրելու մասին, բայց ինչպես հանրությանն հուզող բոլոր հարցերը, այդ հարցն էլ քաղաքային իշխանությունները անուշադրության մատնեցին: Ամանորի նախապատրաստություններն ու բազմամիլիոն ինքնապարգևատրումները թողած՝ Ավանի ինչ-որ խաչմերուկո՞վ պետք է զբաղվեին, ինչ է: Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը տեղից շարժվել չստիպեցին նաև «Երկիր մեդիա» հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը նշված խաչմերուկից, որի ընթացքում միայն երջանիկ պատահականությամբ վթարներ տեղի չունեցան:
Այսօր արդեն հերթական վթարն է տեղի ունեցել Բաբաջանյան-Աշխաբադի խաչմերուկում՝ 4 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ, որոնցից մեկը նույնիսկ կողաշրջվել է: Կա տուժած, որին տեղափոխել են հիվանդանոց:
Ուզում ենք հարցնել՝ ո՞վ է մեղավոր: Վարորդնե՞րը: Իհարկե ոչ:
Պարզապես մենք դեռևս օրենք չունենք, որով կարելի լիներ պատժել զանազան պատճառաբանություններով հարցը լուծելուց փախչող քաղաքային իշխանություններին: