|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է կադաստրային տարածագնահատման 20 գոտի և 9 տեսակի գույքահարկ ողջ հանրապետության տարածքում, ինչը կբարձրացնի հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Մտքերի փոխանակությունը ծավալվել է հետագա անելիքների և քայլերի շուրջ: Քննարկվել են օրենքի կիրարկման համատեքստում գույքային հարկերի համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդաբանությանը, ներդրման ժամանակացույցին, անշարժ գույքի շուկայական և կադաստրային արժեքի արդյունավետ համադրմանը, գույքային հարկերն սպասարկող ծրագրային համակարգերի ապահովմանը, հանրային ներկայացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է, հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումը, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել աշխատանքը և մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նախատեսվող փոփոխությունների մոդելավորված տարբերակի և ներդրման ժամանակացույցի վերաբերյալ: