|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումների ֆոնին՝ «Փաստինֆո»-ին ուշագրավ տեղեկություն է հայտնի դարձել։
Ըստ այդմ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել։
Տեղեկությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ իշխող «իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ-ում քննարկվող նախագծում, որպես Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք նշվում է նաև նրա քավոր-սանիկական կապը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ։ Հրայր Թովմասյանն էլ վերջինիս հարսանիքի քավորն է։
Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է . այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության և ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ: Նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, և նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է ԱՆ մամլո քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: