|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք։
Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի բուժվիճակագիրը, հաշմանդամության կարգի երկարացման համար դիմած ՀՀ քաղաքացուց համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կաշառքի դիմաց հիշյալ գործընթացը կազմակերպելու խոստմամբ, ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, պահանջել ու ստացել է գումար, որից հետո անմիջապես բռնվել է, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից։
Բացահայտված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հնարավոր կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու, պատասխանատվության կանչելու և վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։