|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Ներկայում Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորների կողմից ՀՀ ներմուծված ապրանքները գտնվում են մաքսային պահեստում, որտեղ դրանց նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն:
«Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին, հատկապես` Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորներին պահպանել ԵՏՄ մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև խստագույնս պահպանել էթիկայի կանոնները և դրսևորել քաղաքակիրթ վարքագիծ, քանի որ վերջիններս առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում իրենց դրսևորած ագրեսիվ պահվածքով: Մաքսային հսկողության արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշում են ՊԵԿ-ում: