|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, արարողությունն առաջնորդել են քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի անդամները: Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները:
«Բարոյականության տեսանկյունից շատ կարևոր է ասել ճշմարտությունը, քանի որ ցեղասպանությունը, ցավոք, ոչ թե անցյալին, այլ ներկային առնչություն ունեցող բան է: Այսօր մենք միացել ենք մեր հայազգի քույր-եղբայրներին, մայրերին և հայրերին՝ հայտարարելով, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, և ամեն ինչ կանենք, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի»,-ասել է Շիֆը:
Ավելի ուշ երեկոյան վառվող մոմերով արարողություն է անցկացվել Բըրբենքի քաղաքապետարանի առջև: