|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին ևս տրվել է 13-րդ աշխատավարձ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «13-րդ աշխատավարձ տրվել է` մինչև մեկ դրույքի չափով», - հայտնեց նա։
Հարցին՝ ինքն իրեն պարգևատրե՞լ է, Բաբայանը պատասխանեց. «Ես ինքս ինձ պարգևատրելու իրավասություն չունեմ»։
Նա նշեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` պետությունը Մանվել Գրիգորյանի նվիրաբերած գույքը ստացե՞լ է, թե՞ ոչ: «Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված գույքը։ Պետության ընդունելու դեպքում կառավարության որոշում կլինի»,- հայտնեց նա։
Բաբայանի խոսքով՝ այդ գործընթացն առայժմ կասեցված է, քանի որ դատախազությունը վերապահումներ է հայտնել։
Ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցին, նա ասաց, որ այս պահին դրան տնօրինում են Ավետիսյանները։ «Այս հարցով նույնպես կառավարության որոշում կլինի»,- ասաց Բաբայանը:
Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե հյուրանոցը կառավարվում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետի կողմից։ Նա ասաց, թե առայժմ չի ուսումնասիրվել՝ արդյո՞ք «Գոլդեն փելըս»-ը որևէ պարտք ունի՞ կամ գրավադրվա՞ծ է, թե՞ ոչ։