|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը կարևորել են նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի համար հանդիսանում են առաջնայնություններ և շեշտել գործընթացում Արցախի որոշիչ ձայնի կարևորությունը:
Խոսելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման մասին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է փոխվստահության միջոցառումների իրականացման ու հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը կոչ է անում իր միջազգային գործընկերներին ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և անկայունության տարածմանը:
ԱԳ նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու և հիշյալ ձևաչափով համաձայնեցված ձևակերպումներից դուրս այլ ձևակերպումներ փնտրելու փորձերը չեն նպաստում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: