|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:
Այսօր խորհրդարանում «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, ում հանձնարարվել են Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված աշխատանքները, տեղեկացրեց, որ օրենսգրքի հետ կապված քննարկումներին առաջարկել են մասնակցել բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին:
«Բացի ՀՀԿ-ից, մնացած բոլոր խոշոր խաղացողների հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակում, ներկայացրել ենք, լսել ենք, թե ինչ պատկերացումներ ունենք: Այդ ամենն արել ենք՝ մինչև նախագծում մի տառ անգամ գրելը»,- ասաց նա:
Իոաննիսյանի խոսքով`ՀՀԿ-ն հրաժարվել է այդ քննարկումներից` պատճառաբանելով, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: «Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչև բոլորի հետ չքննարկենք: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրավված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»:
Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հիմա նախագծի առաջին տարբերակի վրա են աշխատում, որը քննարկելու է կառավարությունում ձևավորվելիք աշխատանքային խումբը, և դրանում բազմաթիվ կարգավորումներ են լինելու: «Առաջին հերթին ռեյտինգային ընտրակարգն է վերանայվելու, կարգավորվելու են ՏԻՄ ընտրությունների հետ կապված որոշակի խնդիրներ, փոխվելու են նախընտրական քարոզչության խաղի կանոնները և հնարավորություն է տրվելու, որ այն կուսակցությունները, որոնք ավելի համեստ միջոցներ ունեն, ևս կարողանան հանրությանը ներկայացնել իրենց գաղափարները, որ շատ ուժեղ դրամապանակների մրցակցության չվերածվի ընտրությունները»,- ասաց նա:
Ըստ Իոաննիսյանի` առցանց հեռուստաընկերություններին ևս նախատեսվում է տալ, իհարկե նրանց ցանկությամբ, այն կարգավորումները, որոնք ունեն մյուսները, օրինակ` գովազդ վաճառելը: