|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող` Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Այնուհետև երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել «Շուշիի տանկ», սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին:
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ներկա են եղել նաև Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը, որին տեխնիկական և մասնագիտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ Կենտրոնական բանկը: Նրանք շրջայց են կատարել թանգարանում և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Թանգարանում ցուցադրում են հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի Հանարապետության բոլոր թողարկումները: Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Արցախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշիում 29-րդ դարում գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ԱՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներ ու մետաղադրամներ, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կողմից տարբեր տարիներին թողարկված՝ Արցախին նվիրված հուշադրամներ: