|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանեց, որ ջրամբարներում ջրի քանակի հետ կապված ունեն մտահոգություններ:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետը ևս մեկ հանձնարարական տվեց ոռոգման սեզոնին ընդառաջ կատարվող նախապատրաստական մի շարք աշխատանքների վերաբերյալ:
Արսեն Հարությունյանը լրագրողներին ասաց. «Այսօրվա դրությամբ մեր ջրամբարները լցված են 39 տոկոսով, մենք 19 տոկոսով պակաս ջուր ունենք, քան ցանկալի էր, որ ունենայինք: Իհարկե, կան մտահոգություններ, դրա համար էլ միջոցառումների շարք ենք մտածել, որ կարողանանք, ոռոգման սեզոնին ընդառաջ, մտահոգությունները հնարավորինս նվազագույնի հասցնել»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ջրի նվազ քանակի պատճառով ստիպված լինեն Սևանից հավելյալ ջրառ իրականացնել, Արսեն Հարությունյանը պատասխանեց. «Չի բացառվում, եթե այս տեմպերով շարունակվի, հնարավոր է դիմենք ԱԺ-ին` հաստատելու, որ Սևանից հավելյալ ջրառ իրականացվի: Իհարկե, այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին»:
Նրա խոսքով` 2018թ. համար մշակվել է պլան B, ըստ որի` նախատեսված են աշխատանքներ 23 հորատվող հորերի և 14 վերականգնվող հորերի համար, ծախսը գնահատվել է մոտ 1 միլիարդ դրամ, ևս 250 մլն դրամ կծախսվի 20 շարժական պոմպակայան կառուցելու վրա, ինչը հնարավորություն կտա ջուրը պոմպերով ուղղելու դեպի ջուրօգտագործողների հողերը: Հարությունյանը նաև հավելեց, որ ոռոգման առումով ռիսկայինը Արմավիրի ու Արագածոտնի այն հատվածներն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից: