|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը համարում է, որ քաղաքապետարանի կողմից 10 միլիոն դրամի սառցե քանդակներ և ծաղկեփնջեր գնելը արդարացված է: Խորհրդարանում լրագրողները նրանից հետաքրքրվեցին` նախկինում գնված կոնյակների հետ կապված քննադատությունները դաս չե՞ն եղել, նա կարճ պատասխանեց. «Դաս ա եղել»:
Արեյանը դժգոհեց, որ ամեն տարի, երբ գալիս է խորհրդարան, իրեն նույն հարցն են տալիս: «Պարզապես շատ համով թեմա ունեք, ամեն տարի իմ այստեղ գալուց անցնում եք այդ հարցերին: Ի սեր Աստծո, հայտարարվել է, բյուջեն հրապարակային քննարկվել է, ավագանու նիստում, հանրային քննարկումներում ընթացել են բյուջեի քննարկման բոլոր ընթացակարգերը, բոլորն էլ իրազեկված են եղել այդ ծախսերից: Այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են` համահունչ քաղաքապետարանի ծախսերին»,- ասաց նա:
Արեյանը հավելեց. «Չգիտեմ` ով է գնահատել այդ ծախսերը, որտեղից են հայտնվել այդ թվերը, բայց դուք վերածում եք կենցաղային բանբասանքի: Չեմ պատասխանի այլ հարցերի: Այդ ծախսերը հիմնավորված են, չունեմ այլ պատասխան ձեզ»: