|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակում Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական hամատեղ կոմիտեի անդրանիկ նիստը, որը գլխավորել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը և ԻԻՀ միջազգային գործերում գիտության նախարարի տեղակալ Հուսեին Սալար Ամոլին:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև գիտության, հետազոտությունների և նանոտեխնոլոգիաների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, միջբուհական, գիտական կազմակերպությունների, հետազոտական հաստատությունների միջև համագործակցության ուղիները: Իրանական կողմը ներկայացրել է Ուրմիա համալսարանը՝ որպես գիտության բնագավառում համագործակցության աշխատանքները համակարգող ազգային կենտրոն:
Միաժամանակ, քննարկվել են ուսումնական հաստատությունների ավարտական վկայականների փոխճանաչման, ուսանողների, դասախոսական անձնակազմի, գիտնականների և փորձագետների փոխանակման, այդ թվում՝ կարճաժամկետ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև փոխադարձ այցելությունների և համատեղ գիտական համաժողովների կազմակերպման հարցերը:
ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ կրթության նախարարի տեղակալ Մոջտաբա Շարիաթի Նիասարի հետ, որի ընթացքում երկու կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը կրթության ոլորտում:
ՀՀ ԿԳՆ