|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և գիտական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները: Քննարկվել են նաև Հայաստանում հատուկ գրասենյակի ձևավորման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է նման գրասենյակի ստեղծումը, որպես «Հորիզոն-2020» ծրագրի պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարևոր միջոց:
Նշենք, որ Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն: