|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են ամուր բարեկամական կապեր, և Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Վարչապետն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հայ-լիտվական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ:
Առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում կարևորվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը, Երևանում: Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Կարեն Կարապետյանը և Էրիկաս Պետրիկասը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցության շուրջ: