|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին:
Վարչապետը կարևորել է 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր:
Իվոն Չիուն նշել է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք համաժողովն անցկացվելու է «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո և ավելացրել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նպատակն է թվային տեխնոլոգիաները հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: Տիկին Չիուն վստահություն է հայտնել, որ 2019-ի համաժողովը նոր թափ կհաղորդի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին և ավելացրել, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ: