|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյին:
Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավարատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել են, արձանագրվել է ուղևորափոխադրումների 4 և բեռնափոխադրումների 3 տոկոսի աճ:
Նշվել է, որ այժմ մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը, որով նախատեսվում է մատուցել նաև տրանսպորտալոգիստիկ ծառայություններ, իրականացնել ենթակառուցվածքների բարելավման ներդրումային նախագծեր, զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները, Հայաստանում ձևավորել բեռնափոխադրումների տերմինալ և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի զարգացմամբ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումը ոչ միայն կնպաստի բեռնափոխադրումների ծավալների, այլ նաև ուղևորափոխադրումների ավելացմանը, հաշվի առնելով նաև զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացումը: